Օգոստոսի 10-11-ը ՀՀ Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենայ «Նաւասարդ» խորագրով հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատօն։
Փառատօնը նախատեսւում է իրականացնել երկու օր: Առաջին օրւայ ընթացքում փառատօնի մասնակից հայկական եւ իրանական թիմերը տաղաւարներում պատրաստում եւ ներկայացնում են իրենց խոհանոցի բազմազանութիւնն ու պատմութիւնը՝ սկսած Ուրարատա-Աքեմենեան ժամանակաշրջանից։ Տեղեկացնում է alikonline.ir-ը։
Մշակութային եւ երաժշտական գօտիներում ներկայացւում է երգ, պար, երաժշտութիւն, արւեստի գործեր, արհեստագործական արտադրանք։ Մինչ փառատօնի վերոնշեալ հիմանական մասը, կազմակերպւում է մրցոյթ մասնակից թիմերի միջեւ տարբեր անւանակարգերով, իսկ փառատօնի աւարտին կատարւում է մրցանակների շնորհման արարողութիւն։
Յաջորդ օրը` օգոստոսի 11- ին, ժամը 03:00-05:00, նախատեսւում է այցելութիւն «Զօրաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով, որտեղ լարային քառեակը կը ներկայացնի նաեւ հայ դասական երաժշտութիւն։ Ժամը 04:00-ին Հայկ համաստեղութեան ծագման պահին ջութակով կը հնչի Կոմիտասի Կռունկը։
Փառատօնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան եւ «Հայ Խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբօսաշրջութեան կոմիտէի աջակցութեամբ, ՀՀ Սիւնիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակութային ժառանգութեան, ձեռնարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան եւ ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան Մշակոյթի կենտրոնի հետ համագործակցութեամբ։